ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիան և Ֆրանսիան առաջին երկրներն էին, որոնք կիրառեցին ԱԱՀ- ն: ԱԱՀ-ի առաջին փորձարկումները կատարվել են ֆրանսիական Փղոսկրի Ափ ( Կոտ դ’Իվուար ) գաղութում: Փորձը հաջող համարելով՝ Ֆրանսիայի հարկային մարմնի ներկայացուցիչ Maurice Lauré -ի առաջարկով ԱԱՀ-ն Ֆրանսիայում սկսվեց կիրառվել 1954 թ.-ի ապրիլի 10-ից, մինչդեռ գերմանացի գործարար Վիլհելմ ֆոն Սիմենսը առաջարկել էր այդ գաղափարը դեռևս 1918 թ .-ին: Ֆրանսիայում ԱԱՀ -ն պետական ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրն է, որը կազմում է պետական եկամուտների գրեթե 50% -ը:

Ներկայումս աշխարհի ավելի քան 160 երկրներ օգտագործում են ավելացված արժեքի հարկումը և այն առավել հաճախ հանդիպում է Եվրոմիությունում: Այնուամենայնիվ, ԱԱՀ-ն առանց հակասությունների չէ: Փաստաբանները ասում են, որ այն բարձրացնում է պետական եկամուտները՝ առանց «պատժելու» հարստությունը: Քննադատները նաև պնդում են, որ ԱԱՀ-ն ըստ էության հետադիմական հարկ է, որը տնտեսական ծանրաբեռնվածություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար և նաև ավելացնում է բյուրոկրատական բեռը:

Ի՞ՆՉ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

Ավելացված արժեքի հարկը ( ԱԱՀ ) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և ( կամ ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

Ապրանքների մատակարարումից, ինչպես նաև աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց հարկային հաշիվներում առանձնացված ( ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին վճարած ) ԱԱՀ-ի գումարների դրական տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում, իսկ բացասական տարբերությունը` որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար ենթակա է հաշվանցման ԱԱՀ-ի պարտավորությունների դիմաց կամ վերադարձման ԱԱՀ վճարողներին` օրենսգրքով սահմանված կարգով:

Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ

ԱԱՀ-ով  հարկման օբյեկտ է համարվում. 

  • ապրանքների մատակարարումը,
  • աշխատանքների կատարումը,
  • ծառայությունների մատուցումը,
  • ապրանքների ներմուծումը:

Ապրանքի մատակարարում  է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:

Աշխատանքի կատարում է համարվում  աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: 

Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: 

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում`

  • ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,
  • բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորություն առաջանում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման մասով: Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև օրենսգրքով սահմանված դեպքերում պետք է վճարվի ԱԱՀ: 

Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ

Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում` 

— ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,
— այն ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից ( տես ստորև ):

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Ցանկացած կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և նոտար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս պետական մարմինների, ՀՀ համայնքների՝ ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ովքեր ԱԱՀ վճարող են համարվում կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում), որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը ( ԱԱՀ-ի շեմը ) համարվում է ԱԱՀ վճարող:

Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որևէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

Եթե անձը կարող է օգտվել ԱԱՀ-ի շեմից, սակայն ցանկանում է համարվել ԱԱՀ վճարող, ապա նա կարող է հարկային մարմին ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին օրենքով նախատեսված հայտարարությունը և համարվել ԱԱՀ վճարող: 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՈՐՈՇՎՈՒՄ ԱԱՀ -ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկման բազան, որպես կանոն, հանդիսանում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարվող հատուցումը:

Ապրանքների ներմուծման դեպքում հարկման բազա է համարվում դրանց մաքսային արժեքը` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը: 

ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում, հարկման բազայի մեջ ներառում է նաև մաքսատուրքը:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` հարկման բազայի մեջ ներառվում է նաև ակցիզային հարկը:

Հարկային մարմինը իրավունք ունի վերանայել հարկման բազայի չափը և կիրառել գործարքի «իրական արժեքը», եթե գտնում է, որ հարկման բազան որոշակի պատճառներով նվազեցվել է:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ` 

  • 20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),
  • 0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից):

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԸ

ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները:

Այդ հաշվարկը հետևյալն է. հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1), հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) հաշվարկվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման կամ ներմուծման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2), և (1)-ից հանվում է (2)-ը։ Արդյունքում ստացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե:

Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին: Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում: 

Ի՞ՆՉՆ Է ԱԶԱՏՎՈՒՄ ԱԱՀ -ԻՑ

ԱԱՀ-ից ազատվում են այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց ցանկը նշված է օրենսգրքի 64-րդ հոդվածում: ԱԱՀ-ից ազատում նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների համար ԱԱՀ չի հաշվարկվում և չի գանձվում, սակայն այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարները չեն կարող հաշվանցվել:

ԱԱՀ-ից ազատվում են, մասնավորապես. 

  • հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը,
  • դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը,
  • գիտահետազոտական աշխատանքների կատարումը,
  • նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը,
  • թերթերի և ամսագրերի օտարումը,
  • թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը,
  • կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը. 
  • ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների մատուցումը,
  • կենսաթոշակային ապահովման ծառայությունների մատուցումը,
  • բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները,
  • պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը,
  • սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը,
  • հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը,
  • Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը,
  • օրենսգրքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԱՀ-Ի ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԱԱՀ վճարողները պետք է լրացնեն հարկային հաշիվ ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կամ ծառայություների մատուցման յուրաքանչյուր գործարքի համար, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման: Հարկային հաշիվ կարող են դուրս գրել միայն ԱԱՀ վճարողները:

Հարկային հաշիվները կարող են լրացվել միայն էլեկտրոնային եղանակով:

Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները. 

  • հարկային հաշվի սերիան և համարը,
  • մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  • ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,
  • գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  • ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը ծավալը,
  • ապրանքների կամ ծառայությունների արժեքը,
  • հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով):

ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Համաձայն օրենսգրքի` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի` 

  • ձեռքբերումների գծով հարկային հաշիվները դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով 
  • ապրանքները լինեն ձեռք բերված, աշխատանքները` կատարված, իսկ ծառայությունները` ստացված,
  • ձեռքբերումներին վերաբերվող էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները վավերացված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:

Պետք է նկատի ունենալ, որ հարկային հաշիվներում կամ մաքսային կամ հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ ոչ բոլոր գումարները կարող են հաշվանցվել: 

ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ, ԵՐԲ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԱԱՀ-Ի ՓՈՊՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ

Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, սովորաբար այդ գումարը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան և ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:

Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին: 

Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ որոշ դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵՆ, ԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎԵՆ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԵՎ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես նախօրոք արդեն ասվել է, հաշվանցել կարելի է միայն այն ձեռքբերումների գծով վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք կատարվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար: Եթե դուք գործնականում առնչվում եք ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործունեության հետ, ապա պետք է վարել հարկվող և չհարկվող գործարքների, ինչպես նաև դրանց իրականացման համար կատարված ձեռքբերումների առանձնացված հաշվառում:

Այն դեպքերում, երբ ձեռքբերումների մասով հնարավոր չէ իրականացնել առանձին հաշվառում, ապա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է հետևյալ կերպ՝
— նախ որոշվում է ընդհանուր գործարքների մեջ հարկվող գործարքների տեսակարար կշիռը, 
— հաշվանցման ենթակա գումարը հաշվարկվում է այդ տեսակարար կշռին համապատասխան:

Պետք է նկատի ունենալ, որ վերը նշված հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձին-առանձին: 

Ե՞ՐԲ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԱԱՀ -Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում իրականցված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը:

ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

Ի՞ՆՉ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները ավել ցույց տալու կամ հարկային հաշիվները սխալ լրացնելու ( կազմելու ) համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքում:

[templatic_contentbox type=”info” title=” ԿԱՐԵՎՈՐ Է “] Օրենքներից մեջբերումները կատարված են 2023 թվ: դրությամբ գործող օրենքների համաձայն: .[/templatic_contentbox]

Էջի Ասույթը

Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Եթե ​​դու գնում ես այն, ինչ քեզ պետք չէ, շուտով վաճառելու ես այն, ինչ քեզ հարկավոր է

Բենջամին Ֆրանկլին ( Бенджамин Франклин )՝ ամերիկացի քաղաքական գործիչ


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.